Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Ալցհեյմերի հիվանդություն. armeniamedicalcenter.am

Ալցհեյմերի հիվանդություն. armeniamedicalcenter.am

Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձևն է։ Այն նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն առաջին անգամ նկարագրվել է 1907 թվականին գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհեյմերի կողմից:

Այն հիմնականում դիտվում է 65–ից բարձր տարիքում, բայց կարող է հանդիպել նաև նրա հազվադեպ տեսակը՝ վաղ Ալցհեյմերը:

Ախտանշանները

Հիվանդության սկիզբը հաճախ աննկատ է՝ թույլ ախտանշաններով, որոնք աստիճանաբար աճ են գրանցում: Վաղ շրջանում նկատվում է հիշողության կարճատև վատացում՝ հիվանդը չի հիշում նոր ձեռք բերած գիտելիքները կամ նոր կատարված իրադարձությունները, կարող է դրանց միանալ ապաթիան, որը կայուն ձևով պահպանվում է հիվանդության ողջ ընթացքում:

Հիվանդության զարգացմանը զուգընթաց վատանում է նաև հիշողությունը․ ի հայտ են գալիս խոսքի, կարդալու, գրելու և կոգնիտիվ գործառույթների խանգարումներ․ հիվանդը կորցնում է շրջապատում կողմնորոշվելու և իրեն խնամելու ունակությունները: Վատանում է նաև շարժումների կոորդինացիան, հիվանդները դադարում են ճանաչել  նախ ծանոթներին, հետո արդեն նաև ընտանիքի անդամներին, դառնում է գրգռված, անհավասարակշիռ:

Ալցհեյմերի հիվանդության վերջին շրջանում հիվանդը լրիվ անօգնական է դառնում․ առանց կողմնակի օգնության նա այլևս ընդունակ չէ որևէ գործողություն իրականացնելու, կորցնում է մկանային զանգվածը, դժվարանում է տեղաշարժվել, կարող է նաև աստիճանաբար կորցնել խոսելու ունակությունը: Չնայած դեռևս դիտվում է ագրեսիա, բայց հիմնականում առկա է ապաթիան և հյուծվածությունը:

Ախտորոշումը

Ախտորոշման համար գնահատվում է հիվանդի պահվածքը, անցկացվում են մի շարք կոգնիտիվ փորձեր, արվում է նաև ՄՌՏ հետազոտություն:
Հիվանդության ելքի կանխատեսումը դժվար է, քանի որ հիվանդությունը երկարատև գաղտնի ընթացք է ունենում: Ախտորոշումից հետո կյանքի միջին տևողությունը մոտ յոթ տարի է: Մահը վրա է հասնում կամ թոքաբորբից կամ պառկելախոցերի հետևանքով:

էթիոլոգիան

Մինչ այժմ հիվանդության պատճառները ամբողջովին բացահայտված չեն: Հիվանդության հիմնական յուրահատկությունը ամիլոիդային թիթեղների  և նեյրոֆիբրիլյար հանգույցների կուտակումն է ուղեղի հյուսվածքում: Վերջին տարիներին սկսել են հաճախ խոսել հիվանդության վարակիչ էթիոլոգիայի մասին. Այցհեյմերից մահացած հիվանդների ուղեղում հայտնաբերվել է պերիոդոնտին հարուցիչը  /Porphyromonas gingivalis/:

Բուժման հարցեր

Բուժման ժամանակակից մեթոդներով հնարավոր է միայն փոքր-ինչ մեղմացնել ախտանշանները:
 
Բուժման տարբեր մեթոդներ դեռևս փորձարկման փուլերում են:

Ոչ ստերոիդային հակաբորբոքիչների երկարատև օգտագործումը որոշ հիվանդների մոտ մեղմացնում է հիվանդության զարգացումը:

Այլ դեղերից՝ հորմոնփոխարինող թերապիան կանանց մոտ, այլևս արդյունավետ չի համարվում դեմենցիայի ժամանակ: Գինկո բիլոբայի կանոնավոր օգտագործումը, որպես կոգնիտիվ  գործընթացների կարգավորման միջոց, նույնպես դեռևս վիճելի է:

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ Ալցհայմերի հիվանդության զարգացման վտանգը մեծ է այն մարդկանց մոտ, որոնց աշխատանքը կապված է մագնիսական դաշտերի ազդեցության, օրգանիզմում մետաղների առկայության, հատկապես ալյումինի կամ լուծիչների օգտագործման հետ:

Կոգնիտիվ խանգարումների դեմ FDA и EMEA գործակալություններն առաջարկում են չորս պատրաստուկ՝ կենտրոնական ազդեցության խոլինեսթերազայի երեք ինհիբիտորներ և մեմանտին,  NMDA-անտոգոնիստ:

2008 թ-ից օգտագործվել են ACh-ինհիբիտորներ՝ դոնեպեզիլ, գալանտամին, ռիվաստիգմին /հաբեր և պլաստիրներ/, որոնք արդյունավետ են սկզբնական և թեթև շրջաններում, երբեմն նաև՝ ուշ շրջանում: Միայն դոնեպեզիլն է օգտագործվում ծանր վիճակներում: Այս դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը և փսխումը /1-10 տոկոս դեպքերում/: Ավելի քիչ դիտվում են մկանային սպազմներ, բրադիկարդիա, ախորժակի, քաշի անկում, ստամոքսի թթվայնության բարձրացում:

2013 թ-ից փորձարկվում է ևս մեկ խոլինեսթերազայի ինհիբիտոր՝ գուպերզին Ա: Որոշ դրական տեղաշարժ Ալցհեյմերի թեթև և ծանր դեպքերում դիտվել է մեմանտին պատրաստուկի օգտագործման ժամանակ, որը նախատեսված է գրիպի բուժման համար:

 

Հազվադեպ դիտվող կողմնակի թույլ ազդեցություններից են՝ զգայապատրանքները, (հալյուցինացիա), գլխապտույտը, գլխացավը, հոգնածությունը:

Հիվանդության կանխարգելմանը փոքր-ինչ կարող են օգնել ճիշտ սնունդը՝ ծովամթերքը, մրգերը, բանջարեղենը, ձավարեղենը, ձիթայուղը, կարմիր գինին: Որոշ փորձերով բացահայտվել է քրքումի դրական ազդեցությունը ուղեղի պաթոլոգիկ փոփոխությունների վրա: Կապրիլաթթուն պարունակվում է կոկոսի յուղի մեջ, ինչը նվազեցնում է ամիլոիդային թիթեղիկներն ուղեղաբնում:


Կարևոր են մտային վարժանքները՝ ընթերցանությունը, սեղանի խաղերը, խաչբառեր լուծելը, նվագելը, կանոնավոր շփումը մարդկանց հետ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ